Երկրում ռեպրեսիաներ են. Բագրատ սրբազանը` Յոլյանի կենտրոնի տնօրենի ազատման մասին

Տավուշի թեմի առաջնորդը շեշտեց, որ Սամվել Դանիելյանն է պատճառ դարձել այն բանի, որ ինքը 2003 թվականից ներգրավվել է քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու առաքելությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանում Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատել են զուտ այն բանի համար, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդների և անդամների մտերիմն է։ Նման հայտարարություն արեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նշենք, որ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանն է հայտնել այդ մասին ու վստահություն հայտնել, որ որոշումը քաղաքական է։ Նա նաև ընդգծել էր, որ ի պատասխան այդ որոշման` ինքը նույնպես աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։
«Մեր շատ սիրելի, ճանաչված բժիշկ, ազնվագույն մարդ Սամվել Դանիելյանը ազատվել է աշխատանքից զուտ նրա համար, որ մեր մտերիմն է։ Ուրիշ պատճառաբանություն չկա։ 20 օրից լրանում էր իր պաշտոնավարման ժամանակահատվածը, բայց որոշել են իրենց խելքով պատժել։ Սա նշանակում է, որ երկրում բառիս բուն իմաստով ռեպրեսիաներ են»,–ասաց Բագրատ սրբազանը։
Տավուշի թեմի առաջնորդը շեշտեց, որ Սամվել Դանիելյանն է պատճառ դարձել այն բանի, որ ինքը 2003 թվականից ներգրավվել է քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու առաքելությանը։ Սրբազանը նշեց, որ նման որոշումներից հետո իրենք իրենց ասելիքներն ու անելիքները շատ շուտով կանեն։
Նա ընդգծեց, որ սոցցանցերում երեկվանից փոքրիկ գրություններ են տարածվում, թե ՔՊ–ական ինչ–որ խումբ որոշումներ է կայացնում բոլոր այն մարդկանց համար, որոնք ինչ–որ կերպ առնչվել են հանրահավաքներին։
Հիշեցնենք, որ Սամվել Դանիելյանն աշխատանքից ազատվել է մայիսի 15-ին։ ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ վերջինս արյունաբանության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր ու նրա պայմանագիրը հունիսի 7-ին լրանում էր։