Վրաստանի խորհրդարանում անվտանգության կարմիր մակարդակ է սահմանվել

Վրաստանի խորհրդարան ոչ ոք չի թույլատրվի մտնել, բացի նրանցից, ում անհրաժեշտ կհամարի ներս թողնել խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը՝ հաշվի առնելով վտանգի առանձնահատկությունները։
Sputnik
Վրաստանի խորհրդարանի ղեկավարությունը որոշում է ընդունել անվտանգության կարմիր մակարդակ սահմանել շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների պատճառով՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետ:
«Խորհրդարանի շենքում ժամը 17:00-ից սահմանվել է կարմիր մակարդակ․․․ Ոչ ոքի մուտքը չի թույլատրվի, բացի նրանցից, ում անհրաժեշտ կհամարի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը՝ հաշվի առնելով վտանգի առանձնահատկությունները»,-ասված է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ:
Թբիլիսիում ցուցարարները վնասել են խորհրդարանի շենքի մոտ տեղադրված երկաթե արգելապատնեշները: Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ խորհրդարանի շենքի մոտ ընթացող ակցիան դուրս է եկել օրենքի շրջանակներից, ոստիկանությունն անցել է հատուկ միջոցառումների։ Ռուսթավելու պողոտան իրավապահներով է լցված, պղպեղացողիչ է օգտագործվել։ Ցուցարարները ձերբակալվում են, հայտնում է Sputnik Գրուզիան։
Օրինագծի քննարկումն անցկացվել է բողոքի ցույցերի, ինչպես նաև իշխող «Վրացական երազանքի» և ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուքի ֆոնին․ ընդդիմությունը դեմ է օրենքին։ Խորհրդարանի մոտ հերթական անգամ հավաքվել են ակցիայի մասնակիցները՝ փակելով Ռուսթավելի պողոտան, ինչպես նաև շենքի կողային մուտքը:
Ընդ որում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հայտարարել է, որ մտադիր է վետո դնել օրինագծի վրա: Սակայն խորհրդարանը հնարավորություն ունի 4 շաբաթ անց հաղթահարել այն։ Սահմանադրության համաձայն՝ եթե Զուրաբիշվիլին երկրորդ անգամ հրաժարվի ստորագրել օրենքը, դա կարող է անել խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը նախատեսում է առանձին ռեեստրում գրանցել այն ոչ առևտրային իրավաբանական անձանց և ԶԼՄ-ներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից: