ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում իմ առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի Զինված ուժերի համալրումը, ընդ որում՝ խոսքը մոբիլիզացիայի մասին չէ։ Այս մասին այսօր հայտարարել է ռազմական գերատեսչության ղեկավարի թեկնածու Անդրեյ Բելոուսովը՝ Դաշնության խորհրդում խորհրդակցությունների ժամանակ։
«Հատուկ ուզում եմ ընդգծել լրագրողների համար, խոսքը մոբիլիզացիայի, արտակարգ միջոցառումների մասին չէ, խոսքը պլանային միջոցառումների մասին է»,-ասել է նա:
ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում Բելոուսովը ևս մեկ առաջնահերթություն է համարում հատուկ ռազմական գործողության գոտում ռուսական բանակի խմբավորումները սպառազինությամբ ապահովելը:
«Առաջին հերթին խոսքը այնտեղ գործող խմբավորումների զինման, ամենաժամանակակից ռազմական և հատուկ տեխնիկայի՝ հրետանային զինամթերքի, հրթիռների, զինծառայողների անձնական պաշտպանության, հատուկ կապի, անօդաչու թռչող սարքերի, ՌԷՊ միջոցների մատակարարման և այլնի հետ կապված հարցերի մասին է»,-ասել է նա:
Բելոուսովի խոսքով՝ Ռուսաստանում եղած բոլոր առաջադեմ մշակումներն ու արդյունավետ մոտեցումները պետք է ներդրվեն հաղթանակի հասնելու, զինված ուժերի խնդիրների լուծումն ապահովելու համար:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի թեկնածուն նշել է նաև պետական պաշտպանական պատվերի կատարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, որպեսզի ՌԴ ԶՈւ ողջ մարտական կազմն ամբողջությամբ ապահովված լինի ամեն ինչով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդին առաջարկել էր ՌԴ կառավարության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բելոուսովին նշանակել ՌԴ պաշտպանության նախարար: