Փաշինյանը կատարել է Ալիևի հերթական պահանջը. «Հրապարակ»

Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը
Թերթը գրում է, որ խաղաղության պայմանագրի դեռևս նախնական տարբերակում Ալիևի ներկայացրած պահանջներից մեկը եղել է այն, որ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի ներկայացուցիչներ չպետք է կանգնեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից ռուսական սահմանապահ ստորաբաժանումների դուրսբերումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական պահանջը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշենք, որ Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ կայացավ նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ ռուսական կողմը դուրս է բերելու իր սահմանապահ ստորաբաժանումները ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այս փաստն իշխանական քարոզչամեքենան և իշխանականները փորձեցին ներկայացնել «ինքնիշխանության», սուվերենության, պարզ ասած՝ Պուտինին չենթարկվելու լույսի ներքո` նախ անտեսելով մի կարևոր հանգամանք, թե այդ ինչպես և ում որոշմամբ էին սահմանապահները հայտնվել հիշյալ վայրերում, մինչդեռ նրանք այնտեղ էին հայտնվել Փաշինյանի որոշմամբ ու խնդրանքով։
«Իրականում խաղաղության պայմանագրի դեռևս նախնական տարբերակում Ալիևի ներկայացրած պահանջներից մեկը եղել է այն, որ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի ներկայացուցիչներ չպետք է կանգնեն։ Մեզ են տրամադրել այդ փաստաթղթի այն հատվածը, որտեղ սևով սպիտակի վրա բառացի գրված է. «Կողմերը պետք է բացառեն իրենց սահմանագծին երրորդ կողմի ուժերի առկայություն»»,– գրում է թերթը։
Ըստ լրատվամիջոցի` Փաշինյանը ոչ թե ինքնիշխանություն ու անկախություն է դրսևորել, այլ կատարել է Ալիևի հերթական պահանջը։ Սրանով է պայմանավորված, որ ռուսաստանյան սահմանապահ ուժերը կպահպանեն իրենց ներկայությունն Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի պետական սահմաններին:
ԱԱԾ-ն չի մեկնաբանում՝ սկսվե՞լ է արդյոք Տավուշում սահմանապահների տեղակայման գործընթացը