Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ակցիա իրականացրեց քաղաքապետարանում

«Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ աջակցում է Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Այսօր Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ ամբիոնին մոտեցան խմբակցության բոլոր անդամները։ Նրանց ձեռքին պաստառներ էին` «Դեմ ենք միակողմանի զիջումներին» գրությամբ։
«Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքների անվան տակ տեղի են ունենում միակողմանի զիջումներ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե չլինեն այդ զիջումները, կլինի պատերազմ։ Սա ուղղակիորեն սեփական ժողովրդի ահաբեկում է»,– իր ելույթում ասաց Մանուկ Սուքիասյանը։
Նա կարծում է, որ այս հարցը պետք է լուծվի բացառապես հանրաքվեի միջոցով, որևէ այլ տարբերակը սահմանադրության խախտում է։
«Մեզ փորձում են համոզել, որ եթե զիջումների գնանք, միջազգային հանրությունը տեր կկանգնի մեզ։ Դե, երևի այնպես, ինչպես Արցախի հարցում տեր կանգնեց»,– ասաց նա։
Սուքիասյանը հավելեց, որ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն աջակցում է Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու նրա առաջ քաշած պահանջներին։
Խմբակցության ղեկավարը կոչ արեց նաև Երևանի ու Հայաստանի բոլոր քաղաքների ու գյուղերի ավագանու անդամներին հստակ դիրքորոշում հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այսօր նույնպես վաղ առավոտից սկսեցին բողոքի ու իրազեկման ակցիաները։ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում միացավ նրանց։