ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ ստորագրել է վարկային համաձայնագիր` Սյունիքի մարզում մաքսային ձևակերպումների կենտրոն հիմնելու համար: Փաստաթուղթը Երևանում ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները բանկի տարեկան ժողովի ընթացքում:
Համաձայնագիրը նախատեսում է 2 մլն եվրո դրամաշնորհ և 10 մլն եվրո վարկ տրամադրել։
Մաքսային կենտրոնը նախատեսվում է կառուցել Շաքի գյուղի մոտ՝ Սիսիանից 7 կմ հեռավորության վրա, «Հյուսիս–հարավ» մայրուղու ապագա հատվածի հարևանությամբ:
Կենտրոնում նախատեսված է բեռների արագացված մաքսազերծում։ Այդ նպատակով այստեղ կաշխատեն ոչ միայն մաքսավորներ, այլև ՀՀ տեսչական մարմինների ստորաբաժանումներ։ Մուտքի և ելքի մոտ կկառուցվի տրանսպորտի համար 5 գոտի, որպեսզի մեքենաներն ու բեռնատարները ստիպված չլինեն հերթ կանգնել:
Նոր կենտրոնը կարևոր է նրանով, որ ՀՀ–ում մասնավոր մաքսային պահեստներում վերահսկողությունը ոչ միշտ է պատշաճ իրականացվում, իսկ պետական այլ տեսչությունների ներկայացուցիչներն այնտեղ չեն աշխատում «մեկ պատուհանի» սկզբունքով: