Հայաստանի և Հնդկաստանի Պն–ների միջև առաջին խորհրդակցություններն են անցկացվել

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խորհրդակցությունները նախագահել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգին:
Հայաստանի և Հնդկաստանի Պն–ների միջև առաջին խորհրդակցություններն են անցկացվել
Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը:
«Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՊՆ–ից հայտնում են նաև, որ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Հայաստանի և Հնդկաստանի Պն–ների միջև առաջին խորհրդակցություններն են անցկացվել
Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որով նախատեսվել է երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծումն ու հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024–2025 թթ. համագործակցության պլանը։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 11-14–ը աշխատանքային այցով գտնվում էր Հնդկաստանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը Հնդկաստանից ձեռք էր բերել «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռային համալիրներ (արտադրվում է Հնդկաստանում ռուսական արտոնագրով), ինչպես նաև 80-մմ հաուբիցներ և այլ տեսակի սպառազինություն։
Հնդկական Zen Technologies ընկերությունն էլ, որը անօդաչուների խոցման համար ՀՕՊ համակարգեր է արտադրում, մտադիր է մասնաճյուղ բացել Հայաստանում։