Երևանում վերսկսվել են բողոքի ու իրազեկման ակցիաները

Երիտասարդների հետ են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Գեղամ Մանուկյանը։
Sputnik
Երևանում կրկին բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացվում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կարճ ժամանակով փակեցին Սայաթ–Նովա–Նալբանդյան և Սայաթ–Նովա–Աբովյան խաչմերուկները։
Երիտասարդներին միացած և ճանապարհը փակած վարորդներից մեկին ոստիկաններն իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին։
Երիտասարդների հետ են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Գեղամ Մանուկյանը։
Ակցիայի մասնակիցները վանկարկում են. «Նիկո՛լ, հեռացիր», «Պայքար», «Միացե՛ք»։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։