ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Արտաքին աշխարհը հետաքրքրություն է ցուցաբերում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նկատմամբ։ Այս մասին Հայաստանի ժուռնալիստների միությունում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Երբ ասում եմ` արտաքին աշխարհ, միանգամից նկատի ունեք Արևմուտքը... բայց բոլոր տեղերից էլ հետաքրքրությունը կա, ինչքան լրատվականներ են կոնտակտներ ուզում հարցազրույցների համար, բայց ես դեռևս փորձում եմ սահմանափակ մնալ։ Միայն «Le Monde»–ին եմ տվել հարցազրույց, որը կարևոր էր և պետք էր։ Մնացած բոլորին խնդրել եմ, որ մի քիչ ժամանակ անցնի»,–ասաց Բագրատ սրբազանը։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այսօր նույնպես վաղ առավոտից սկսեցին բողոքի ու իրազեկման ակցիաները։ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում միացավ նրանց։