«ՆԳՆ–ին հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները». ՀԺՄ–ի հայտարարությունը

Ոստիկաններ
Ժուռնալիստների միությունից նշում են, որ «24News.am»-ի խմբագրակազմը լեգիտիմ կասկածներ ունի լրագրողի նկատմամբ կարմիրբերետավորների հարձակման՝ ուղղորդված լինելու վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը։ Միությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ հերթական անգամ ոստիկանությունը չի խորշել բռնություն կիրառել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ:
««Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման կողմից իրականացվող անհնազանդության ակցիաների ժամանակ այսօր ABC Media-ի օպերատոր Մհեր Դավթյանին ոստիկանության աշխատակիցներից մեկը հրել է, ապա տեսնելով, որ վերջինս ընկել է աստիճաններին, առանց հետ նայելու հեռացել է»,– ասված է հայտարարությունում։
Լրագրողների հետ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել. ՆԳՆ
Բացի այդ, Թումանյան փողոցում ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայողներ` կարմիրբերետավորներ, ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան բռնություն են գործադրել «24News.am»-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել ու տեղափոխվել հիվանդանոց։
«Քննչական կոմիտեն, որն այնքան ուշադիր է կառավարող ուժի գրասենյակում գործող լրատվամիջոցի ու առհասարակ իշխանամետ լրատվամիջոցների լրագրողների մասնագիտական աշխատանքը «խոչընդոտելու» ցանկացած փորձի նկատմամբ ու անհապաղ քրեական վարույթներ է հարուցում, որևէ հաղորդագրություն նշված դեպքերի վերաբերյալ չի տարածել»,– ընդգծել է Ժուռնալիստների միությունը։
Կառույցը նշել է, որ «24News.am»-ի խմբագրակազմը լեգիտիմ կասկածներ ունի լրագրողի նկատմամբ կարմիրբերետավորների հարձակման՝ ուղղորդված լինելու վերաբերյալ:

«ՆԳՆ ղեկավարությանը հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները, իսկ քննչական կոմիտեին՝ վերջ տալ երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային: Լրագրողը ցանկացած իրավիճակում պետք է կատարի իր աշխատանքը, իսկ ոստիկանությունը պետք է ապահովի լրագրողի մասնագիտական գործունեության անխափան իրականացումը՝ առանց սահմանափակելու այն, առավել ևս՝ առանց լրագրողի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու»,– ընդգծել են ՀԺՄ–ից:

Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև խստագույնս դատապարտում է ատելության խոսքի բոլոր տեսակի դրսևորումները՝ երկու կողմերին կոչ անելով զերծ մնալ սոցիալական ցանցերում և իրենց ելույթներում դրսևորվող դատապարտելի այդ խոսույթից, թիրախավորումներից:
Միությունը միջազգային լրագրողական ու իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել լրագրողների հանդեպ ոստիկանների կողմից դրսևորվող վարքագիծը և տալ առարկայական գնահատականներ: