ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ «Կարմիրբերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին, և դրանց մեծագույն մասը կապ չուներ իրավական կանոնների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել, որ երեխաների աչքի առաջ նրանց ընտանիքի անդամների կամ մտերիմների (ենթադրյալ վարչական իրավախախտման համար) ձերբակալումով երեխաները փողոցում մնալու են միայնակ, էլ չեմ խոսում էմոցիոնալ ապրումների մասին»,- նշել է Թաթոյանը։
ՀՀ նախկին ՄԻՊ-ն անդրադարձել է նաև այսօր լրագրողների հանդեպ ոստիկանների գործողություններին՝ ընդգծելով, որ անթույլատրելի է լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը: Թաթոյանը նաև շեշտել է՝ անընդունելի է դիմադրություն չցուցաբերող անձի նկատմամբ ուժի, այն էլ՝անհամաչափ կիրառումը։ Հավելել է, որ այս արարքները ոչ միայն անթույլատրելի և դատապարտելի են, այլև չունեն իրավական հիմնավորումներ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից հանրապետության տարբեր բնակավայրերում և Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ էին իրականացվում։ Դրանց ընթացքում «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանի տվյալներով՝ 171 անձ է բերման ենթարկվել։ Առավոտյան ժամը 8-ից մայրաքաղաքում ակցիա իրականացնողները մի շարք փողոցներ էին փակում։ Տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ Sputnik Արմենիայի նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները մարդկանց բերման ենթարկում՝ բիրտ ուժի կիրառմամբ։ Մեր նկարահանած կադրերից մեկում, օրինակ, բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները, բառի բուն իիմաստով, գոտկատեղից վերև մերկացրել էին մարդուն՝ պատռելով նրա շապիկը։
Ոստիկանների գործողությունների հետևանքով այսօր նաև գիտակցությունն է կորցրել 24news.am-ի լրագրողներից մեկը, իսկ abcnews.am-ի օպերատորն ընկել էր և վնասել ձեռքը՝ պարեկի հրելու հետևանքով։