ԳԱԱ գլխավոր մասնաշենքի դռները փակ էին. Բագրատ սրբազանին ընդունեցին պատմության ինստիտուտում

Բագրատ Գալստանյանն ու նրա աջակիցներն արդեն եղել են Հայաստանի գրողների միությունում և նկարիչների միությունում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչներն ու աջակիցները շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ երթով հասան Գիտությունների ազգային ակադեմիա:
Բայց նրանք չկարողացան մտնել ԳԱԱ շենք, քանի որ դռները փակ էին։
Միաժամանակ Բագրատ սրբազանին թույլ տվեցին մտնել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, որտեղ նրան դիմավորեց տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Բագրատ սրբազանը ԳԱԱ պատմության ինստիտուտում
Բագրատ սրբազանը Մելքոնյանին հարցրեց. «Դուք պատմության ինստիտո՞ւտ եք, թե՞ իրականության»։
Աշոտ Մելքոնյանը պատասխանեց. «Մենք անաչառության ինստիտուտ ենք. առանց մեր պատմական հայրենիքի` 400 հազար քառակուսի կիլոմետրի, որևէ պատմաբան չի պատկերացնում իր մասնագիտական ունակությունների դրսևորումները»։
Ավելի ուշ Բագրատ սրբազանը միայնակ մտավ ԳԱԱ, որտեղ հանդիպեց փոխտնօրենի ու աշխատակիցների հետ։ Նա լրագրողներին չմանրամասնեց, թե ինչ են քննարկել։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այսօր վաղ առավոտից ավելի քան 20 փողոց էին փակել մայրաքաղաքում։ Քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ էին իրականացնում Երևանի տարբեր հատվածներում։ Ժամը 11։30-ի դրությամբ անհնազանդության ակցիաների 151 մասնակցի են տարել ոստիկանություն։