Բայրամովը Միրզոյանին հերքում էր Փաշինյանի խոսքերով. սրբազանը հիշեցրեց ԱԳՆ–ի ձախողումները

Բագրատ սրբազան
Տավուշի թեմի առաջնորդի խոսքով` Հայաստանի պատմության մեջ նման խայտառակ դրվագ երբեք չէր եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին խորհուրդ է տալիս դիվանագիտությունից խոսելուց առաջ հիշել սեփական դիվանագիտական ձախողումները։
Միրզոյանն այսօր հայտարարել է, թե այն դիվանագետները, որոնք ՀՀ–ում տեղի ունեցող սահմանազատման գործընթացը համարում են ոչ լեգիտիմ և հակաիրավական, «դասալիք» են։
«Թող հիշեն 2023 թ–ի սեպտեմբերին ՄԱԿ–ում տեղի ունեցող ԱԽ նիստը, որտեղ Արարատ Միրզոյանը ասում էր մի բան, իսկ Բայրամովը նրան հերքում էր ՀՀ վարչապետի խոսքերով , ուրիշ բան չեմ ասում, թող մենակ դա հիշեն»,– ասաց սրբազանը Երևանում անցկացվող երթի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա նշեց, որ Հայաստանի պատմության մեջ նման խայտառակ դրվագ դեռ երբեք տեղի չէր ունեցել։
«Այդպիսի կարևոր ամբիոնում այդպես մերժվել ու հերքվել սեփական երկրիդ ղեկավարի կողմից հղումներով... Ես զարմանում եմ` ո՞նց չեն ամաչում, ամոթը ո՞ւր է կորել...»,– ասաց Բագրատ Գալստանյանը։
Հիշեցնենք` «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանձնարարությամբ ստեղծված դիվանագիտական խորհուրդը մայիսի 12-ին ներկայացրեց սահմանազատման և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու։ իր հայեցակարգը: Խորհրդի անունից ելույթ ունեցավ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը և սահմանազատման ու սահմանագծման ներկայիս գործընթացը որակեց ոչ լեգիտիմ և հակասահմանադրական: