ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիական մարդու է առաջարկել ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնի համար, քանի որ գերատեսչությունը պետք է բաց լինի նորարարությունների և առաջադեմ գաղափարների համար: Այդ մասին կիրակի լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Պուտինը Դաշնության խորհրդին առաջարկել էր ՌԴ կառավարության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բելոուսովին նշանակել ՌԴ պաշտպանության նախարար:
«Այսօր ռազմի դաշտում հաղթում է նա, ով ավելի բաց է նորարարության համար, ավելի բաց՝ հնարավորինս օպերատիվ ներդրման համար։ Եվ այդ պատճառով բնական է, որ ներկա փուլում նախագահը որոշում է կայացրել, որպեսզի պաշտպանության նախարարությունը ղեկավարի քաղաքացիական անձ, և դա ոչ թե պարզապես քաղաքացիական անձ է, այլ մի մարդ, որը բավական հաջող ղեկավարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը», - ասել Է Պեսկովը։
Նա նշել է, որ նախկինում Բելոուսովը երկար ժամանակ եղել է նախագահի տնտեսական հարցերով օգնականը։
Պեսկովը նաև ընդգծել է, որ նոր նշանակումը չի փոխի «կոորդինատների ներկայիս համակարգը», քանի որ ռազմական բաղադրիչը միշտ եղել է գլխավոր շտաբի պետի իրավասությունը (Վալերի Գերասիմով), նա կշարունակի իր գործունեությունը:
Հիշեցնենք՝ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակալ Սերգեյ Շոյգուին՝ ազատելով նրան պաշտպանության նախարարի պաշտոնից։
Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը կանցնի այլ աշխատանքի։