Լքվածն ու մոռացվածը․ Վանաձորի «Արտեկ» ճամբարի տարածքն աճուրդի է հանվել

Վանաձորի «Արտեկ» ճամբարը
Տարիներ առաջ ճամբարի տարածքն օտարվել էր չնչին գումարով, իսկ հիմա աճուրդի է հանվում մի քանի հարյուր միլիոնով, բայց գնորդ դեռևս չի գտնվել։
Sputnik
Խորհրդային Հայաստանի ամենահայտնի ճամբարներից մեկը Կիրովականում էր (այսօր՝ Վանաձոր), որտեղ ոչ միայն հայաստանցի պիոներներ էին ուզում հանգստանալ։ Ամեն տարի «Արտեկն» իր հարկի տակ պատանիների էր ընդունում նաև Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից։ Արդեն գրեթե 35 տարի է՝ «Արտեկը» չի գործում։ Վերջին անգամ 88-ի ամռանն է այստեղ պիոներների ծիծաղ լսվել։ 1968 թվականին կառուցված շինությունները երկրաշարժի հետևանքով վնասվեցին (այսօր գնահատվում են 3-րդ և 4-րդ կարգի վթարայնության), Խորհրդային Միությունը փլուզվեց, ճամբարը վերականգնելուն հերթ չհասավ։
Երկար տարիներ ճամբարում աշխատած Մանուշ տատն «Արտեկի» մասին հիշելիս հուզվում է։ Խնամքով պահպանել է տարբեր տարիների լուսանկարները, հաճախ թերթում է, վերհիշում, պատմում` նկարներում ով ով է։
«Կյանքս ընդեղ ա անցել, երգով, ծափով, ծիծաղով էր անցնում։ Էն կլոր շենքում թատրոն էին տալիս»,- հիշում է 73-ամյա Մանուշ Վանեսյանն ու շտապում մեզ հարցնել՝ եղե՞լ ենք, ի՞նչ վիճակ է։ Ասում է՝ 88-ից հետո ոտք չի դրել «Արտեկ»։
1 / 5

Մանուշ տատը

2 / 5

Մանուշ տատը պահել է «Արտեկ» ճամբարում արված լուսանկարները

3 / 5

«Արտեկում». արխիվային լուսանկարներ

4 / 5

«Արտեկում». արխիվային լուսանկարներ

5 / 5

«Արտեկում». արխիվային լուսանկարներ

Ի վերջո, ի՞նչ կատարվեց ծաղկուն ճամբարի հետ։ 2004թ.-ին «Արտեկի»՝ գրեթե 6500 քառակուսի մետր տարածքը գնեց «Վաբա» ՍՊԸ-ն, որի հիմնադիրն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն էր։ Պատգամավորի հետ ուղղակիորեն կապվող ընկերությունը ձեռք բերեց ճամբարի տարածքը չնչին գումարով՝ վճարելով ընդամենը 2 մլն 700 հազար դրամ: Առուվաճառքի պայմանագիրը 2019 թվականին սոցցանցում հանրայնացրեց Լոռու այն ժամանակվա մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Ավելի ուշ Բաղդասարյանն արձագանքեց հրապարակմանը՝ նշելով, թե Վանաձորի կահույքի ֆաբրիկայի հաշվեկշռում գտնվող ճամբարն ու ֆաբրիկան իր կողմից դեռ 1995-ին էին ձեռք բերվել ու բարձր արժեքով, ո՛չ գումարի չափը հրապարակվեց, ո՛չ էլ իր նշած գործարքի փաստաթուղթը։
Ախթամիրում գանձագողերը ոսկի գտա՞ն, կամ ի՞նչ գործ ունեն 9 ֆալոսները մեկ դամբարանում
Փոխարենը Բաղդասարյանը խոստացավ 30 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումային ծրագիր, որով նախատեսված էր բարեկարգել նախկին «Արտեկ» պիոներական ճամբարի տարածքը, վերականգնել շենքերն ու շինություններ, առողջարանային գոտի կառուցել, 6200 մետր ձգվող ճոպանուղի անցկացնել (որը զբոսաշրջիկներին պետք է Փամբակի լեռնաշղթայի Մայմեխի գագաթ հասցներ), լեռնադահուկային ուղիներ կահավորել և այլն։ Բաղդասարյանը նաև խոստանում էր, որ ծրագրի հաջող իրականացման արդյունքում մոտ 110 նոր աշխատատեղ էր ստեղծվելու։
«2009թ.-ին Գերմանիայի և Ֆինլանդիայի անմիջական մասնակցությամբ պատվիրվել է 20 մլն դոլար արժողությամբ ծրագիր, որը վերահաշվարկման արդյունքում այժմ կազմում է 30 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Ծրագրով նախատեսվում է ամբողջ «Արտեկը» դարձնել առողջարանային գոտի և շուրջ 7 կմ «Մայմեխ» ճոպանուղի անցկացնել։ Այս ծրագիրն այժմ գտնվում է կառավարությունում, և մարզպետին հորդորում եմ բանսարկությամբ զբաղվելու փոխարեն աջակցել ծրագրի իրականացմանը։ Նշեմ, որ 30 մլն եվրո արժողությամբ ծրագրի իրականացմանը լծվել են շատ լուրջ անձինք, և որևէ մեկիդ չի հաջողվի խանգարել ծրագրի իրագործմանը»,- գրել էր Բաղդասարյանը։
Սևանա լճի խորհրդավոր պահապանը․ Բագրատունիների ամրոց-նավահանգիստ Բերդկունքը կվերականգնվի
Ծրագիրը չիրականացվեց, ճամբարը ոտքի կանգնեցնելու տեսանելի փորձեր էլ չարվեցին։ 2022 թվականին դատարանը ՎԱԲԱ ՍՊԸ-ին սնանկ ճանաչեց, «Արտեկն» էլ, ի թիվս ընկերության մնացած գույքի, աճուրդի հանվեց։ Արդեն մի քանի անգամ կայացած աճուրդներում գնորդ դեռ չկա։ 2023 թվականի դեկտեմբերին կայացած առաջին աճուրդում ճամբարի տարածքը վաճառքի հանվեց ավելի քան 310 միլիոն դրամով, ապա արդեն 7-րդ անգամ՝ մայիսի 23-ին նշանակված աճուրդում «Արտեկի» գինը մոտ 167 միլիոն դրամ է։ Ըստ «Հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքի իրականացման» կարգի՝ եթե աճուրդը համարվել է չկայացած, հաջորդ աճուրդում լոտը աճուրդի է դրվում նախորդի մեկնարկային գնից 10 տոկոս նվազ չափով, իսկ լոտի մեկնարկային գինը 15-րդ անգամ նվազեցնելուց հետո հաջորդ աճուրդներում մեկնարկային գինը չի նվազեցվում։
Ի՞նչ է լինելու երբեմնի ծաղկուն «Արտեկի» հետ․ տեղացիներն այս հարցում լավատես չեն, բայց հույսները չեն կորցնում, որ կհայտնվի այն հոգատար ներդրողը, որն «Արտեկին» կյանք կվերադարձնի։
1 / 9

Վանաձորի «Արտեկ» ճամբարն այսօր

2 / 9

Ժանգոտված դարպասներ

3 / 9

Վանաձորի «Արտեկ» ճամբարն այսօր

4 / 9

Վանաձորի «Արտեկ» ճամբարն այսօր

5 / 9

Վանաձորի «Արտեկ» ճամբարն այսօր

6 / 9

Վանաձորի «Արտեկ» ճամբարն այսօր

7 / 9

Վանաձորի «Արտեկ» ճամբարն այսօր

8 / 9

Վանաձորի «Արտեկ» ճամբարն այսօր

9 / 9

Վանաձորի «Արտեկ» ճամբարն այսօր

Ինչպե՞ս օպերային թատրոնի երկվորյակը հայտնվեց Վերին Արտաշատ գյուղում