ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ֆրանսիան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը: Նման հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։
«Ֆրանսիան ընդգծում է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում քառակողմ հանդիպման շրջանակում կողմերի՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, իրենց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը իրենց հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը»,–ասված է հայտարարության մեջ։
Այդ կապակցությամբ Փարիզը կոչ է անում շարունակել սահմանների սահմանազատումը 2024 թվականի ապրիլի 19-ի հռչակագրում համաձայնեցված սկզբունքների հիման վրա։
Միաժամանակ Փարիզը կողմերին կոչ է անում շարունակել քննարկումները՝ խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։ «Մենք ողջունում ենք Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ նպաստելու այդ բանակցություններին, Ֆրանսիան կշարունակի աշխատել իր գործընկերների հետ՝ ի շահ Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման՝ միջազգային իրավունքին համապատասխան», - նշել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Հայտնել էինք, որ մայիսի 10-11-ը Ալմաթիում ուղիղ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Հանդիպման նախաձեռնողը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էր։