ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik․ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը դիմեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ հորդորելով իրենց հանդարտ պահել և անհամաչափ բռնի ուժ չկիրառել փողոցներում իրենց անհամաձայնությունը հայտնող քաղաքացիների նկատմամբ։
«Էս տղերքին մի՛ փչացրեք, մի՛ բարոյազրկեք, ավելորդ տեղը վահաններ մի տվեք ինչ-որ մեկին պաշտպանելու համար, ոչ մեկ չի հարձակվելու, չի փշրելու, չի ջարդելու»,- ասաց սրբազանը։
Նա անդրադարձավ նաև Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մեր ռազմագերիներին՝ նշելով, որ նրանց՝ այնտեղ գտնվելը մեր բոլորի ամոթն է։
Սրբազանը հատուկ դիմեց արցախցիներին, նշեց՝ նրանց մենք, այսպես ասած, մենակ թողեցինք թշնամու երախում և ուղղակի դիտորդի կարգավիճակով նայեցինք, թե ինչ է տեղի ունենում մեր հայրենիքի հետ։
«Այսօր նրանք մեր շարքերում են՝ իրենց հայրենիքում, առանց բաժանարար գծերի, ով կբաժանի արցախցի, հայաստանցի, նա ուրացող է»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Տավուշի թեմի առաջնորդը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին՝ Հայաստանն իրենց հայրենիքը հռչակելու համար։
Նա նշեց, որ աշխարհի տարբեր կողմերից ամեն օր աջակցության տեսաուղերձներ են ստացվում, հավաքներ են տեղի ունեցել Լիբանանում, Սիրիայում, Ավստրալիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Դանիայում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Կանադայում, ԱՄՆ-ում և այլուր․ սփյուռքն իր լավագույնն է ուզում ներդնել հայրենիքի փրկության համար։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։