ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ստամբուլում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Լյովա Գևորգյանը և Հրայր Ալիխանյանը հաղթել են իրենց մրցակիցներին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
125 կգ քաշային կարգի որակավորման փուլում Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Լյովա Գևորգյանը մրցել է Գերմանիան ներկայացնող Գենադի Կուդինովիչի հետ և 11:0 հաշվով հաղթանակ տարել։
Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը որակավորման փուլում 7:0 հաշվով պարտության է մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուսատևին։
Մ-23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը որակավորման փուլում 0:11 հաշվով պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Ավուսայման Հալիբային։
Երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն, 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը որակավորման փուլում 1:8 հաշվով պարտվել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Գվանուկ Կիմին։
Հավելենք, որ Ստամբուլի մրցաշարը վերջին վարկանիշայինն է Փարիզի օլիմպիական խաղերի համար: Յուրաքանչյուր քաշային կարգում ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները և լավագույն երրորդ տեղը գրաված մարզիկը: Այսինքն՝ բրոնզե մեդալակիրների միջև ևս մեկ գոտեմարտ կանցկացվի օլիմպիական ուղեգրի համար: