ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումըֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին հորդորում է դադարեցնել 20 օրյա հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար: Հայտարարությունը հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։
«Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը։ Հաշվի առնելով առողջական ծանր վիճակը` հորդորում ենք Լեո Նիկոլյանին դադարեցնել հացադուլը»,–նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Լեո Նիկոլյանը 2024թ-ի մարտ ամսից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների ընթացքում գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր է պատրաստել միջազգային մամուլի համար։
Նիկոլյանը համոզված է, որ Հայաստան իր մուտքն արգելելը քաղաքական հարց է։
Հիշեցնենք` Նիկոլյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։