ՊՆ–ն հերքում է. Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելել մասնակցել ցույցերին

Պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցի տեղեկությունը բացարձակ կեղծիք ու սուտ է անվանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լրատվամիջոցներից մեկում հրապարակված այն տեղեկությունը, թե զինվորական հոսպիտալի բժիշկներին արգելում են մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաներին։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Լրատվամիջոցներից մեկում «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին» վերտառությամբ ամբողջովին հորինված նյութ է հրապարակվել»,–նշված է հաղորդագրության մեջ
Պաշտպանության նախարարությունն այդ տեղեկությունը բացարձակ կեղծիք ու սուտ է անվանել։
ՊՆ–ից կոչ են անում զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավվելու ցանկացած փորձից կամ այդ ակցիաների շրջանակում զինված ուժերի հեղինակությանը դիտավորյալ վնասելու արատավոր գործելաոճից:
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։