ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Երևանում բերման ենթարկված անձանց

Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՆԳՆ ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Հայտնել էինք, որ այսօր Երևանի մի շարք հատվածներում անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել, որի հետևանքով 41 անձ բերման է ենթարկվել։
«ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա իրավական չափանիշները։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։