Լոռիում և Շիրակում ակցիաներ են անցկացվում ի աջակություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման

Մարզերից մեկում ավտոերթ է կազմակերպվել, մյուսում բնակիչները փակել են դեպի Երևան տանող մայրուղին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Այսօր անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել նաև ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում, հայտնում է Ազգային ճակատը։
Նշվում է, որ Գյումրիում ավտոերթ է անցկացվում, որի մասնակիցները շարժվում են դեպի Երևան՝ աջակցելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Լոռեցիներն էլ իրենց հերթին փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցություն են հայտնում Բագրատ սրբազանին և նրա գլխավորած շարժմանը։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։