ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Պետդուման հավանություն է տվել ՌԴ վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությանը, կողմ է քվեարկել 375 պատգամավոր:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկել էր Միշուստինին վարչապետ վերանշանակել:
Միշուստինը Պետդումայում ասել է, որ անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել ապրանքների և ծառայությունների ծավալը, այլև աճը պետք է ուղեկցվի մարդկանց եկամուտների մակարդակի բարձրացմամբ:
«Անհրաժեշտ է տնտեսական աճի նոր մոդել կիրառել։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը պետք է տասնյակ տոկոսներով ավելանա։ Դրա համար լրացուցիչ ներդրում կպահանջվի։ Մենք ակնկալում ենք, որ ոչ միայն պետությունը, այլև պատասխանատու բիզնեսը կնպաստի դրան», - ասել է նա։
Պետդումայում վարչապետի թեկնածությունը քննարկելուց առաջ կայացել է նրա հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Միշուստինը ՌԴ նախագահին վստահեցրել է, որ կառավարության աշխատանքում դադարներ չեն լինի։
«Ամեն ինչ անելու ենք մեր տնտեսության զարգացման համար, որպեսզի արդարացնենք մեր ժողովրդի վստահությունը, և վստահ եմ, որ ձեր ղեկավարությամբ մենք կլուծենք ձեր առաջադրած բոլոր խնդիրները», - վստահեցրել է նա:
ՌԴ Սահմանադրության համաձայն՝ նախագահը նախարարների կաբինետի ղեկավարին նշանակում է, երբ Պետդուման համաձայնություն է տալիս նրա թեկնածությանը։