Խնդիրները դեռ լուծված չեն․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կրկին փակ է

Գյուղացիներին ամենաշատը մտահոգում է կամրջի հատվածը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները կրկին փակել են Կիրանց-Ոսկեպար միջպետական ճանապարհը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում բնակիչները հայտնեցին՝ տարածվող տեղեկությունները, թե կիրանցեցիները գոհ են սահմանազատման այն գործընթացից, որ տեղի է ունենում, իրականությանը չի համապատասխանում։
«Մեր անհանգստությունը նույնն է, մեր մտահոգությունները պահպանվում են»,- նշեց բնակիչներից մեկը։
Նրա խոսքով՝ այն հատվածները, որտեղ սահմանազատումն արդեն տեղի է ունեցել , այնքան էլ կարևոր չեն։ Գյուղացիներին ամենաշատը մտահոգում է կամրջի հատվածը։
Ըստ կառավարության հրապարակած քարտեզների՝ այստեղ սահմանը պետք է անցներ նորակառույց դպրոցից 50 մետր հեռավորության վրա, կամուրջը մնար ադրբեջանական կողմում և այլն։ Այս հատվածում նորակառույց դպրոցից բացի նաև տներ կան, և մարդկանց դա շարունակում է մտահոգել։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ էին անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, որը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեջ մտած բեռնատարի վարորդը եղել է ոչ սթափ. ՆԳՆ