ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները 2 օր կտևեն

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը
Բայրամովը հույս է հայտնել, որ այս բանակցությունները շատ օգտակար կլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնք մեկնարկել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում, կտևեն երկու օր։ Այդ մասին հայտարարել է Բայրամովը։
Նա համոզմունք է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար:
«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի լավ աշխատել այս երկու օրը, որպեսզի հանգուցալուծում գտնենք դեռևս գոյություն ունեցող խնդրահարույց հարցերի շուրջ»,– ասել է Բայրամովը։
Նրա խոսքով` վերջին բանակցությունների կարևոր տարրը արձանագրություն ստորագրելու փաստն է, որը սկիզբ դրեց հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին: Բաքվում, ըստ Բայրամովի, հատուկ ուշադրություն են դարձնում այդ գործընթացին։
Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, որ այս պահին համատեղ ջանքերով ականազերծվել են համապատասխան տեղամասերը, հստակեցվել են աշխարհագրական կոորդինատները: Այդ հատվածում գրեթե ավարտվել է սահմանային սյուների տեղադրումը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին