ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների առաջին փուլն ավարտվել է

Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը
Բանակցություններն ավելի քան 4 ժամ են տևել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջին փուլն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը։
Հանդիպումն ավելի քան 4 ժամ է տևել։
Նշենք, որ բանակցությունները, որոնք կայացել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում, շարունակվելու են նաև վաղը։
Ղազախստանի ԱԳՆ-ն ավելի վաղ զգուշացրել էր, որ բանակցություններից հետո ԶԼՄ–ների հետ հանդիպում չի լինելու։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է, որ հնարավոր է` ավելի ուշ բանակցությունների արդյունքների վերաբերյալ հաղորդագրություն հրապարակվի։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին