Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը. Բագրատ սրբազանն աղոթք կարդաց

Տավուշի թեմի առաջնորդը հանրահավաքը սկսեց տերունական աղոթքով։
Sputnik
Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն առաջարկեց հանրահավաքը սկսել աղոթքով։
Նա նշեց, որ երկու օր խոսում է հաշտության, իսկ իշխանությունները` ատելության մասին։
«Մարդը թունավորվել է մեր երկրում, ու պատասխանատուն այս շենքում (ցույց տվեց կառավարության շենքը) նստած մարդիկ են։ Հատուկ կերպով սնված ատելություն, թշնամություն... Ամենավերջին խոսքերն են ասում ոչ միայն իմ մասին, այլ նաև ժողովրդի մասին։ Սա չէ մեր պատկերացրած Հայաստանը, անկեղծ շատ եմ տխրել, գիտեի, որ ընկած վիճակում ենք, բայց որ այսչափ, չէի պատկերացնում »,– ասաց Սրբազան։
Նա հավելեց, որ պայքարը այսօր հենց ապիկար վիճակը մարդկանց կյանքից վերացնելու համար է։ Տավուշի թեմի առաջնորդի խոսքով` երկիրն այսօր ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես ավերակված է, և դրա պատասխանատուն հենց իշխանությունն է։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։