ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որն ընդլայնում է Պաղեստինի իրավունքները համաշխարհային կազմակերպությունում, ինչպես նաև Անվտանգության խորհրդին խորհուրդ է տալիս վերանայել ՄԱԿ-ին երկրի անդամակցության հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պաղեստինը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի։ Ապրիլին ԱՄՆ-ն վետո էր դրել ՄԱԿ-ի ԱԽ-ում Ալժիրի բանաձևի վրա, որը գլխավոր վեհաժողովին խորհուրդ էր տալիս Պաղեստինին ընդունել ՄԱԿ-ի կազմում: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ էին մնացել քվեարկության ժամանակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մյուս անդամները` կողմ քվեարկել:
Այսօր ընդունված բանաձևն անվտանգության խորհրդին առաջարկում է դրականորեն վերանայել այդ հարցը։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը սահմանում է, որ Պաղեստինի պետությունն իրավունք ունի անդամակցելու ՄԱԿ-ին կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն, ուստի պետք է ընդունվի որպես Միավորված ազգերի կազմակերպության անդամ»:
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը որոշում է, որ սեպտեմբերին սկսվող գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանից սկսած Պաղեստինը լրացուցիչ իրավունքներ և արտոնություններ կստանա կազմակերպությունում: Պաղեստինը կունենա երկրների խմբերի անունից հայտարարություններ անելու իրավունք, ՄԱԿ-ի կոնֆերանսներին, գլխավոր վեհաժողովի կամ ՄԱԿ-ի այլ մարմինների հովանու ներքո գումարվող միջազգային կոնֆերանսներին և խորհրդակցություններին լիարժեք մասնակցելու իրավունք:
Ընդ որում` տեքստում նշվում է, որ Պաղեստինը` որպես դիտորդ պետություն, չի կարող քվեարկել գլխավոր վեհաժողովում կամ իր թեկնածությունն առաջադրել ՄԱԿ-ի մարմիններում:
Բանաձևը հաստատում է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ թվում՝ Պաղեստինի անկախ պետության իրավունքը: