Բողոքի ակցիաներին մասնակցող 12 անձ է բերման ենթարկվել. ՆԳՆ

Այսօր Երևանում և ՀՀ մի քանի մարզերում անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաների ժամանակ այսօր Երևանից և ՀՀ մարզերից 12 անձ է բերման ենթարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ այսօր Երևանում և ՀՀ մի քանի մարզերում անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել։ Մարդիկ փողոցներ են փակել։
Այսօր ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը ձերբակալվել է։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, որը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեջ մտած բեռնատարի վարորդը եղել է ոչ սթափ. ՆԳՆ