ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ եռատոնը հնարավոր է վերադարձնել։ Նա այդ մասին նշել է Մայիսի 9-ի կապակցությամբ հղած ուղերձում, որը հրապարակվել է ֆեյսբուքյան էջում։
«Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, ազգովին կվերադարձնենք մեր հաղթանակները, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալն ու ազգադավների կողմից մսխված համազգային պայքարի մեր ձեռքբերումները, եթե այսօր մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին հաղթի իր ներսի անտարբերությանը, կործանարար հուսահատությանն ու համազգային ներուժի նկատմամբ թերահավատությանը: Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ ապավեն»,– գրել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահն ընդգծել է` Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատագրական պայքարի մարտիկների սխրանքները երբեք չեն մոռացվի:
«Խոնարհվում եմ կյանքը Հայրենիքի ազատության զոհասեղանին դրած բոլոր հերոսների հիշատակի առջև»,– եզրափակել է նա:
Հիշեցնենք` այսօր Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի 79-րդ տարեդարձն է։ Տարիներ շարունակ մայիսի 9-ը Հայաստանում եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: