Մայիսի 9-ի խորհուրդը ռազմական հաղթանակով չի սահմանափակվում․ Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահի խոսքով՝ մեր ժողովուրդը, իր պատմական փորձից ելնելով, շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Մայիսի 9-ի խորհուրդը միայն ռազմական հաղթանակով չի սահմանափակվում, այն նախևառաջ ազատության, խաղաղության և ապագայում էլ անարդար պատերազմները կանխարգելելու բովանդակություն ունի։ Այս մասին նշված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում։
Նա շեշտել է, ոչ 79 տարի առաջ ֆաշիզմի դեմ մարդկության տարած հաղթանակում հայ ժողովուրդն ունեցավ իր մեծ ավանդը և տվեց ծանր կորուստներ։
Խաչատուրյանի խոսքով՝ մեր ժողովուրդն իր պատմական փորձից ելնելով՝ շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը:
«Այսօր, երբ մեր պետությունը կրկին կանգնած է բարդ մարտահրավերների և փորձությունների եզրագծին, Երկրորդ համաշխարհային ու Արցախյան պատերազմում զոհված մեր պապերի, հայրերի, եղբայրների և որդիների հիշատակի առաջ մեր պարտքը, պարտականությունն ու պատասխանատվությունն է` անձնվիրաբար պաշտպանել և պահպանել մեր պետության անկախությունը, ազատությունը, հաստատել խաղաղություն մեր երկրի և ժողովրդի համար, և իհարկե, ջանք ու եռանդ չխնայել մեր պետության ամրապնդման ու հզորացման գործում»,- նշված է նախագահի ուղերձում։
Նա խաղաղություն ու բարգավաճում է մաղթել մեր պետությանը, քաջառողջություն՝ վետերաններին, և հավերժ փառք՝ զոհված հայորդիներին։
Հիշեցնենք` այսօր Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի 79-րդ տարեդարձն է։ Տարիներ շարունակ մայիսի 9-ը Հայաստանում եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը:
Ֆաշիզմի դեմ հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պիտի լինի ՀՀ–ն. Փաշինյան