ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Արցախի թեմի նախկին առաջնորդ, հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հայտարարել է, որ ամբողջովին սատարում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի կոչն ու հայտարարությունը:
«Ես լիովին աջակցում եմ Բագրատ արքեպիսկոպոսի նախաձեռնությունը։ Սատարում եմ Միքայել սրբազանին: Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը: Այսօր հզոր պիտի հնչեն հայոց զանգերը մեր հոգիներում՝ վասն զի սթափվելու և արթնանալու ժամն է եկել: Բավական է ստորադասված ձևով միակողմանի զիջումներ անենք։ Թշնամու ախորժակը անսահման է»,–հայտարարության մեջ նշել է Պարգև սրբազանը։
Նա հարց է բարձրացրել, թե ինչու ՀՀ–ն չի պահանջում, որ թշնամին դուրս գա ՀՀ գրավյալ տարածքներից, ինչու՞ չի պահանջում Արծվաշենը, հայ գերիների ու Արցախի իշխանավորների ազատագրումը։
«Ինչու՞ ենք միակողմանի ականազերծում մեր սահմանագծերը։ Հանուն ինչի՞ պիտի հանենք մեր զինանիշից Մասիս սարը։ Հանուն ինչի՞ պիտի փոխենք մեր սահմանադրությունը։ Երբ՞ պիտի դասեր քաղենք պատմությունից՝ ում հավատալ, իսկ ում ոչ։ Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին»,–նշել է նա։
Նրա խոսքով` 6 տարի է ինչ քաղաքական իշխանության պարտություններ է կրում, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում է արդարացնել։Նա շեշտել է, որ բավական է ժողովրդին վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն իշխանավորների աթոռներին կառչած մնալու ցանկության։
«Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին։ Իսկական պահն է ստեղծելու նվիրյալ ու պրոհայկական իշխանություն, որը կդառնա մեր պետության ու ժողովրդի տերն ու տիրականը»,– գրել է Պարգև սրբազանը։
Հիշեցնենք` 2021 թվականի hունվարի 21-ին Պարգև սրբազանն ազատվեց Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվեց հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ։
Նա Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ էր նշանակվել 1989-ի մարտին։ Նշենք, որ 44–օրյա պատերազմից անմիջապես հետո` 2020 թվականի նոյեմբերի 16-ին, սրբազանը սրտի կաթված էր ստացել, բայց Հայաստանում չէր հոսպիտալացվել։ Մի քանի օր անց նա տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ էլ նոյեմբերի 22-ին վիրահատվել էր։