Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ավելի շուտ ստորագրվի. Էրդողան

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան «շարունակելու է բոլոր ոլորտներում աջակցել Ադրբեջանին»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում ընդունելով Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացն իրեն ուրախացնում է, դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք արտգործնախարարների հանդիպումից, և որ խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ, իսկ տարածաշրջանը պետք է հասնի այն կայունությանը, որին այդքան ձգտում է», - նշված է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ:
Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն սերտ համագործակցությունը, որ թույլ չտան միակողմանի և կանխակալ միջամտություն դրսից և թույլ չտան, որ տարածաշրջանը վերածվի աշխարհաքաղաքական տարաձայնությունների գոտու:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները տեղի կունենան մայիսի 10-ին Ալմաթիում: Ղազախստանում երկու երկրների բանակցությունների անցկացման գաղափարն առաջարկել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերջերս Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ժամանակ: