ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik, Արամ Գարեգինյան։ Հայաստանում գրանցված ՏՏ ընկերությունները (ներառյալ արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերը) 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի բյուջե են վճարել շուրջ 17,6 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով` 45,3 մլն դոլար) կամ մոտ 6%-ով ավելի, քան 2023 թվականի առաջին եռամսյակում։ Այս մասին են վկայում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի տվյալները։
Աճել է ռուսական ՏՏ ընկերությունների կողմից հարկային վճարումների մասնաբաժինը (այս անվան տակ մենք, պարզության համար, միավորում ենք և ռուսական ընկերությունները, և արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերը, որոնք Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան)։
2023 թվականի առաջին եռամսյակում դրանց մասնաբաժինը թոփ-1000-ում կազմել է մոտ 45%, իսկ 2024 թվականի առաջին եռամսյակում` մոտ 42%։ Բացարձակ թվերով` 2024-ի առաջին եռամսյակում այդ ընկերությունները վճարել են շուրջ 7,4 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով` մոտ 19 մլն դոլար)։ Դա ընդամենը մի քիչ (2%-ով) է պակաս 2023-ի առաջին եռամսյակի ցուցանիշից և կարող է պայմանավորված լինել փոխարժեքային տարբերությամբ (դոլարի և եվրոյի` հայկական դրամի նկատմամբ)։ Միևնույն ժամանակ, ցուցակում նման ընկերությունների թիվը 14-ից հասել է 17-ի (իսկ եթե հաշվում են Yandex-ի ծառայությունները`17՝ 2023 թվականի առաջին եռամսյակում և 19՝ այս տարվա եռամսյակում): Բացատրենք, թե ինչու ենք դրանք առանձին հաշվել։
Պարզության համար` տաքսիների և սննդի առաքման մասին
Սննդի առաքման եւ տաքսի կանչելու առցանց ծառայությունների ոլորտում հարկերի վճարումներն ավելացել են ավելի քան մեկ երրորդով` հասնելով մոտ 920 մլն դրամի (մոտ 2,4 մլն դոլար), հիմնականում «Յանդեքս տաքսի»-ի հարկերի հաշվին (Հայաստանում այն կառավարում է «Ռայդթեք ԱՄ» ընկերությունը):
Այդ ընկերությունները մենք առանձնացրել ենք մյուսներից, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ռուսական ՏՏ ընկերությունների հարկերը նախկին մակարդակի վրա են մնում միայն հայկական շուկայում «Յանդեքս տաքսի»-ի գործառնությունների հաշվին։
Կրկնենք՝ Yandex-ի երկու նախագծերի հետ միասին թոփ-1000-ում հայտնվել են 19 ռելոկանտ ՏՏ ընկերություններ։ 2023 թվականին (կրկին Yandex-ի երկու նախագծերը ներառյալ) ցուցակում եղել են 17-ը։ Սրանք ընկերություններ են, որոնք կապված են (հիմա կամ անցյալում) Ռուսաստանի հետ, բայց դրանցից բացի, ցուցակում եղել է ուկրաինացի ռելոկանտներով ընկերություն (Devart), որը 2024 թվականին թոփ 1000-ում չկա։
Հստակեցնենք նաև, որ հաշվարկում չենք ներառել հեռահաղորդակցության և էլեկտրոնիկայի ընկերությունները (դրանք ՏՏ-ին հարակից, բայց, այնուամենայնիվ, առանձին ճյուղեր են)։
Google-ը, Facebook*-ը և մի քիչ էլ Amazon-ը
Վերջին տարիներին աշխարհում հայտնվել են մի քանի խոշոր ՏՏ ընկերություններ, որոնց հիմնադիրները Հայաստանից են։ Նրանց ծրագրավորման թիմերը նույնպես աշխատում են այստեղ (առնվազն՝ մասամբ): Միևնույն ժամանակ, այդ ընկերություններն իրենց կենտրոնակայաններն ունեն ԱՄՆ-ում, քանի որ այնտեղ ավելի հեշտ է ներդրումներ ներգրավել։ Արդյունքում նրանց հարկերի զգալի մասը (մասնավորապես՝ շահութահարկը) Հայաստանի կողքով է անցնում, ինչի մասին մենք արդեն գրել ենք։
Այդպիսի ընկերություններից երկուսը (Picsart-ն ու ServiceTitan-ը) «միաեղջյուրներ» են, այսինքն՝ ավելի քան մեկ միլիարդ դոլարի կապիտալ են հավաքել, իսկ ևս մեկը (Krisp-ը)՝ մի քանի հարյուր միլիոն։ Սակայն այս երեք ընկերությունները միասին Հայաստանի բյուջե են վճարել ընդամենը 1 մլրդ 746 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 4,5 մլն դոլար)։ Դա մոտ 3%-ով պակաս է, քան 2023 թվականի առաջին եռամսյակում։
Ոչ միայն այս, այլև այլ ՏՏ-ընկերությունների մոտ շահութահարկն ընդհանուր բյուջետային վճարումներում շատ համեստ տեղ է զբաղեցնում(10%-ից պակաս)։ Վճարումների հիմնական մասը (70-75%) բաժին է ընկնում եկամտահարկին (այսինքն՝ աշխատակիցների աշխատավարձերից կատարվող վճարումներին)։
2022 թվականից հայկական շուկայում համացանցի միջոցով ծառայություններ մատուցող, սակայն այստեղ չգրանցված ընկերությունները ԱԱՀ են վճարում։ Սա վերաբերում է Google-ին, Facebook*-ին, Amazon-ին և այլ խոշոր ընկերություններին, որոնք ամբողջ աշխարհում հեռավար գումար են վաստակում, բայց առանձնապես չեն ձգտում հարկեր վճարել, հատկապես՝ խոշոր երկրներում: Հայկական փոքր շուկայում հարցն ավելի արագ լուծվեց, և այդ ընկերությունների հետ ֆինանսների նախարարության բանակցությունները հաջողությամբ պսակվեցին։
2022 թվականին այդ ընկերությունները Հայաստանի բյուջե են վճարել մոտ 2 մլն դոլար, իսկ 2024 թվականի առաջին եռամսյակում Facebook* (Meta*) և Alphabet (Google) ընկերությունները, որոնք հայտնվել են թոփ-1000-ում, վճարել են արդեն 452 մլն դրամից մի փոքր ավելի (մոտ 1 մլն 160 հազար դոլար)։ 2023-ի առաջին եռամսյակում այդ վճարումները ավելի քիչ էին՝ 427 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 1 մլն 100 հազար դոլար), բայց այն ժամանակ թոփ-1000-ում էր հայտնվել նաև Amazon-ը, որն այժմ ցուցակում չկա։
ՏՏ ընկերությունների մասնաբաժինը հարկերում 3,8% է
Հավելենք, որ հունվար-մարտ ամիսների բյուջետային մուտքերի ընդհանուր ծավալում թոփ-1000-ում ներառված ՏՏ ընկերությունների մասնաբաժինը (ներառյալ տաքսի կանչելու և սննդի առաքման հարթակները, ինչպես նաև նշված արտասահմանյան ընկերությունները) կազմել է մոտ 3,8%, կամ մոտավորապես նույնքան, որքան նախորդ տարի։ Առանց Google-ի, Facebook-ի * այս տոկոսը մի փոքր պակաս է՝ 3,7%:
* պատկանում է Meta-ին, կազմակերպությունը ճանաչվել է ծայրահեղական և արգելված է Ռուսաստանում: