Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը տեղակացրեց, որ Տավուշում սահմանազատման աշխատանքի 90 տոկոսն արդեն արված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Տավուշի մարզում տեղադրված սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուններն են։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր ՀՀ–ում, հենց անվտանգության երաշխիքների ստեղծման գործընթաց է։ Մենք ամեն ինչ անում ենք և ամեն ինչ անելու ենք այդ երաշխիքների սյուները ուժեղացնելու և շատացնելու ուղղությամբ»,– ասաց նա։
Նա հավելեց, որ սահմանազատումը ՀՀ իշխանության համար ինքնանպատակ չէ և արվում է բացառապես անվտանգության համար։ Վարչապետն ընդգծեց` սյուներն իրավական հիմքով են տեղադրված։
«Այս փուլում մեր նպատակն է ոչ թե վերլուծություն անել` պատերազմ ու հարձակում կլինի, թե չի լինի, այլ այնպես անել, որ պատերազմը բացառվի։ Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով»,– ասաց նա։
Ըստ Փաշինյանի` սահմանազատման գործընթացի շնորհիվ պատերազմը կզրկվի տեղի ունենալու հիմքից։
Նա տեղեկացրեց նաև, որ Տավուշում սահմանազատման աշխատանքի 90 տոկոսն արդեն արված է։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։