«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամներն իրազեկման ակցիա են անցկացնում Գյումրիում` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների, որոնք մայիսի 4-ից Կիրանցից երթով շարժվում են դեպի Երևան։
Շարժման անդամները կանգ են առնում Գյումրու տարբեր թաղամասերում։ Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր մտահոգված են երկրի ապագայով, պետք է միանան իրենց։
«Ժամանակն է սթափվելու, միանալու։ Ու սա կուսակցական պայքար չէ, սա հայրենիքի պայքար է։ Այս իշխանությունն ապաշնորհ է, հանուն իրենց աթոռի և շահի նրանք միայն պատրաստ են վաճառել։ Նրանք ոչինչ չեն անում հանուն այն հայրենիքի, որտեղ մենք ենք ապրում»,– ակցիայի ընթացքում ասաց մասնակիցներից մեկը։
Նա հորդորեց պայքարել հանուն հայրենիքի, որպեսզի Հայաստանը կարողանա ոտքի կանգնել։
Մայիսի 8-ին, ժամը 10։00-ից «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը դեպի Երևան երթ է սկսելու եկեղեցու մոտից։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։