Մեղադրողը Վլադիմիր Գասպարյանի համար 11 տարվա ազատազրկում է պահանջում

ՀՀ նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Հանրային մեղադրողը 11 տարվա ազատազրկում է պահանջում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար։ «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին հայտնում է Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով՝ ծիծաղելու աստիճան անհիմն մեղադրանքներով»,- գրել է փաստաբանը:
Նա հավելել է, որ մայիսի 14-ին Գասպարյանի պաշտպանական կողմը հանդես կգա ճառով:
Հիշեցնենք՝ 2023 թվականի հուլիսին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի գույք:
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով․ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով 445-րդ հոդվածի 1-ին մասով: