Լարսը բացվել է մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար. կցորդ

Ճանապարհը փակ է մնում միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը Վրաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,–ասաց Հակոբյանը:
Նա նշեց, որ ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
Այս պահի դրությամբ ճանապարհը փակ է մնում միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Վրաստանում ներկայացրել են Լարսի այլընտրանքային ճանապարհի կառուցման նախագծի մանրամասները
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: