ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կրկին խորհրդակցություն են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է Կիլիկիո կաթողիկոսարանը։
Խորհրդակցությունների առանցքում են եղել այն մարտահրավերները, որոնց այսսօր դիմագրավում է Հայաստանը։ Արամ Առաջինն իր լիարժեք զորակցությունն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդի՝ այսօր տարածած հայտարարությանը։ Վեհափառները մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ եղած մտահոգությունների վերաբերյալ, մասնավորաբար, անդրադարձել են Տավուշի մարզում ստեղծված իրավիճակին։
Վեհափառ հայրապետները որոշել են շարունակել խորհրդակցությունները, միաժամանակ շեշտել են հայ եկեղեցու առանցքային դերը հայ ժողովրդին և Հայաստանին հուզող տագնապների հաղթահարման գործում։
Ավելի վաղ Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն են տարածել՝ ըստ էության, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում։
Մայր աթոռն ի պատասխան շեշտել էր, որ եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման։
Հիշեցնենք՝ վեհափառ հայրապետները հաճախ խորհրդակցություններ են անցկացնում Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներին դիմագրավելու հարցերի շուրջ։