Երկու վախը մի մահ է. Վանեցյանն արձագանքեց Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին

Վանեցյանը շեշտում է, որ իմանալով Նիկոլ Փաշինյանին` լավ գիտի, թե հիմա ինչ է կատարվում նրա գլխում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասեցին հնչեցված մեղադրանքներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ հայտնի ձայնագրությունն ամբողջությամ չի հրապարակվել, եղել է մի փոքր հատված։ Հավելենք նաև, որ Փաշինյանն այդ ժամանակ պատասխանում էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ հարցին և որոշեց ներկայացնել, թե իր կարծիքով` ովքեր են կանգնած այդ շարժման հետևում։ Ըստ ՀՀ վարչապետի` բացի Վանեցյանից, այդ անձինք են նաև արտերկրում ապրող մի «նարկոբարոն», ՀՀ նախկին նախագահներից մեկը։
«Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների կոնկրետ հետազոտությունների և կոնկրետ եզրահանգման լավ նյութ են։ Կարծում եմ՝ դա հենց նրանց զբաղվելու գործն է։ Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում։ Ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է։ Դե իսկ մահն իր հետ միշտ գարշահոտություն է բերում»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Վանեցյանը։
Նա վստահեցրել է, որ Փաշինյանը ներկայում փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում, և բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվի։
Վանեցյանի պնդմամբ` ներկա պահին ավելի կարևոր անելիքներ կան, ու ճշմարտությունը կհաղթի ստին։
Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, թե նախկինում հրապարակված ձայնագրության մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք, իսկ մյուս մասին է` այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար։ Վստահեցրեց` հստակ տեղեկություն կա, որ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից։
Փաշինյանը նաև ընդգծեց, որ ձայնագրության չհրապարակված հատվածում հնարավոր է խոսք լինել այն մասին, թե լինելով ԱԱԾ տնօրեն ու չունենալով որևէ թույլտվություն` նա բանակցել է նախկին նախագահի փեսայի հետ` ԶՊՄԿ–ի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ դեռ 2018–ի սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել էր Վանեցյանի և այն ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։
«Ձայնագրությունը մոնտաժված է, դա փաստ է». Վանեցյանը մեկնաբանեց սկանդալային գաղտնալսումը
Նրանք 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։
Վանեցյանը հատուկ քննչական ծառայության ղեկավարին պատմում էր դատավորի հետ զրույցի մասին, որին հրահանգ էր տրվել ամեն գնով «նստեցնել» Քոչարյանին։
Այնուհետև անցնում էին Խաչատուրովին։ ԱԱԾ պետն ասում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու վտանգ կա։