Խնդիր ունեն հակառուսականությունը շեշտելու. քաղաքագետը` ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մասին

Ի հակադրություն ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը չմասնակցելու որոշման` քաղաքական վերլուծաբանը հիշեցնում է 2023թ–ին Թուրքիայի նախագահի երդմնակալությանը Փաշինյանի մասնակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ռազմավարական գործընկերոջ երդմնակալությանը չմասնակցելը և դա որպես հաղթաթուղթ ներկայացնելը խոսում է ՀՀ իշխանության հակառուսականության մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով ԱԺ նախագահի հայտաարությունը վարչապետ Փաշինյանի ռուսաստանյան այցի մասին։
Մայիսի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` մայիսի 7-ին նախանշված երդմնակալության արարողությանը։
«Ալեն Սիմոնյանը փաստացի ցուցադրական դեմարշ արեց, որովհետև կարելի էր նույն չմասնակցելը ձևակերպել շատ ավելի ռացիոնալ բանաձևերով, օրինակ` զբաղվածություն, օրինակ` որ մեր պետությունն այլ ներկայացուցչով է մասնակցելու։ Բայց իրենք խնդիր ունեն անպայման հակառուսականությունը շեշտելու, և դրա համար ընտրել էին ամենացցուն ձևը. պետության երկրորդ դեմքն ասում է` չենք մասնակցում, լավ ենք անում»,– նշում է Սուրենյանցը։
Ի հակադրություն ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը չմասնակցելու որոշման` քաղաքական վերլուծաբանը հիշեցնում է 2023թ–ին Թուրքիայի նախագահի երդմնակալությանը Փաշինյանի մասնակցությունը։
«Թշնամական պետության նախագահի ինագուրացիային Փաշինյանը, կարելի է ասել, վազել է։ Ընդ որում` թուրքական պրոտոկոլի կանոններով` նրանց հնարավորինս այնտեղ նվաստացրեցին։ Նա մնաց Ալիևի և Էրդողանի ողջագուրության ստվերում»,– հիշեցնում է Սուրենյանցը։
Ինչո՞ւ էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում. Միրզոյանի պատասխանը
Ալեն Սիմոնյանը նաև ասել էր, որ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հաջորդ օրը` մայիսի 8-ին կայանալիք ԵԱՏՄ նիստին Փաշինյանը ճիշտ կլինի, որ մասնակցի, քանի որ Հայաստանը ներկա պահին ԵԱՏՄ նախագահող երկիրն է։
ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցելու որոշումը Սուրեն Սուրենյանցը մեկնաբանում է բացառապես տնտեսական շարժառիթներով։
«Գնում է, որովհետև Հայաստանի կայունության միակ երաշխիքն այս պահին ԵԱՏՄ անդամակցությունն է։ Փողի խնդիր կա լուծելու։ Այս մարդուն բոլոր տեղերից միայն գումար է անհրաժեշտ։ Գնալ Բրյուսելում նման բարձր ներկայացուցչությամբ եռակողմ հանդիպման և ընդամենը 350 մլն դոլարի հարց լուծել, որով պետք է կայունացնի իր ռեժիմը, և վազել ԵԱՏՄ, որովհետև ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների ճգնաժամը կարող է բերել ՀՀ–ում տնտեսական պայթյունի։ Երկու պարագայում էլ իրեն հետաքրքրում է բացառապես իր իշխանության պահպանումը, իսկ դրա համար գումար է անհրաժեշտ»,– ասում է վերլուծաբանը։
Սուրենյանցն արձանագրում է, որ իր այս քաղաքականության արդյունքում Հայաստանն այսօր մենակ է մնացել տարածաշրջանում։ Երկու հարևան երկրները` Վրաստանն ու Ադրբեջանը, խիստ բալանսավորված քաղաքականություն են վարում, և Հայաստանը միակն է տարածաշրջանում, որը փրկիչներ է փնտրում Աևմուտքում։
ԵԱՏՄ-ն չպետք է փոխկապակցվի քաղաքական հավակնությունների հետ. Փաշինյան
Այս անհեռանկար քաղաքականության վերջաբանը, քաղաքագետի գնահատմամբ, կարող է շատ տխուր լինել պետության ու պետականության համար։