ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Երբ իսրայելական բանակը զգուշացրել է, որ անհրաժեշտ է տարհանվել և ուղևորվել Ռաֆահ ու Խան Յունիս քաղաքների արևմտյան շրջաններ, հարյուրավոր պաղեստինցիներ սկսել են լքել Ռաֆահ քաղաքի արևելյան շրջանները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Բացի այդ, Գազա քաղաքից և Գազայի հատվածի հյուսիսային շրջաններից տեղահանվածները, որոնք մի քանի ամիս առաջ ապաստան էին գտել Ռաֆահի հարավում, նույնպես սկսել են հավաքել իրենց վրանները դրանք այլ վայր տեղափոխելու համար, թեև քաղաքում որևէ անվտանգ վայր չկա։
Ավելի վաղ «Ալ-Կահիրա Ալ-Իհբարիա» հեռուստաալիքի աղբյուրը հայտնել էր, որ կիրակի ՀԱՄԱՍ-ի` «Քերեմ Շալոմ» անցակետի շրջանում հասցված հարվածները, որոնց հետևանքով երեք իսրայելցի զինվորական է մահացել, հանգեցրել են հրադադարի շուրջ բանակցությունների տապալման:
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը շաբաթ և կիրակի Կահիրեում էր՝ Գազայի հատվածում կրակի դադարեցման և պատանդների ազատ արձակման շուրջ եգիպտական միջնորդների միջոցով բանակցելու համար: Կիրակի երեկոյան շարժումը հայտարարեց բանակցությունների հերթական փուլի ավարտի մասին՝ նշելով, որ փոխանցել է իր պատասխանը զինադադարի առաջարկին, որն ավելի վաղ պատրաստել էին Եգիպտոսի միջնորդները:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։