ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Նախապես ձեռք բերված պայմանավորածություններին համապատասխան` Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան)»,– գրել է նա։
Հիշեցնենք` ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարեց, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։
Ապրիլի 29–ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հաստատեց, որ կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում։
Նշենք, որ Միրզոյան–Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29–ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։