ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության 5 իրավապաշտպան պատրաստակամություն է հայտնել նախապես կազմակերպել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների պաշտպանությունը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Մայրաքաղաքում մայիսի 9-ին նրանք մեծ հանրահավաք են հրավիրում։
«Հիմք ընդունելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջադրած հանրային օրակարգը և հաշվի առնելով խաղաղ հավաքներին մասնակցող քաղաքացիների նկատմամբ ռեպրեսիաներ բանեցնելու՝ իշխող ռեժիմի հաստատուն գործելաոճը՝ մենք՝ հինգ իրավապաշտպաններս, հարկ ենք համարում քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները կազմակերպել նախապես»,– «Ֆեյսբուքում» գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրան միացել են նաև Վարազդատ Հարությունյանը, Արսեն Բաբայանը, Սերգեյ Հարությունյանը և Վահան Հովհաննիսյանը։
Նրանք նաև խնդրել են, որպեսզի բոլոր փաստաբանները, որոնք մայիսի 9-ին և հաջորդող օրերին ի վիճակի կլինեն կամավորության սկզբունքով ժամանակ տրամադրել խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործին, կապ հաստատեն իրենցից որևէ մեկի հետ։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։