300 մլն դրամ Շիրակում խեցգետնաբուծական համալիր ստեղծելու համար. պայմանագիրը ստորագրվեց

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024–2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի մասնակցության առաջին պայմանագրի ստորագրման արարողությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կնքվել է խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության առաջին պայմանագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Շիրակի մարզի Ամասիա համայնքի սահմանամերձ Ողջի գյուղում կստեղծվի խեցգետնաբուծական համալիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր նախարար Գևորգ Պապոյանի ներկայությամբ կայացել է «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024–2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի մասնակցության առաջին պայմանագրի ստորագրման արարողությունը։
Պայմանագիրը կնքվել է էկոնոմիկայի նախարարության և «Կարինե Թորոսյան Անդրանիկի» ԱՁ–ի միջև։
«Պայմանագրով նախատեսվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի գյուղում շուրջ 300 մլն ՀՀ դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր, որը տարեկան կբուծի 18 տոննա խեցգետին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցի պետությունը։ Նախարարությունը ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում կիրականացնի մոնիթորինգ։