Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ. ԶԼՄ

Հրշեջներ. արխիվային լուսանկար
ԶԼՄ–ի տեղեկություններով` հրդեհի պահին տանը նաև չափահասներ են եղել, որոնք լուրջ այրվածքներ չեն ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 4-ին` ժամը 08։00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում, կրակը մարելուց հետո փրկարարները տան ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան աղջիկների դիակներ։
Ըստ «Հրապարակի»` հրդեհի նախնական վարկածը էլեկտրալարերի բռնկումն է եղել, որից հետո այրվել է կիսով չափ փայտյա «դոմիկը»։
Լրատվամիջոցի տեղեկություններով` դեպքի պահին տանը 3 չափահաս է եղել, որոնք կարողացել են փրկվել, փրկվել է նաև 7 տարեկան տղան։ Մեծահասակներին բժշկական օգնություն տրամադրելու կարիք չի եղել, քանի որ լուրջ այրվածքներ չեն ունեցել։
Armlur.am-ն էլ գրում է, որ տնակը, որտեղ ապրել է ընտանիքը, նրանցը չի եղել. ընտանիքի սոցիալական վիճակը հաշվի առնելով` այն տրամադրել են, որպեսզի ընտանիքը դրսում չմնա։