Գազայում հրադադարի շուրջ գործարքը կարող է չկայանալ. ԶԼՄ

Գազայի հատված
Բանակցությունների այս փուլում քննարկվում են նաև պաղեստինցի բանտարկյալների անունները, որոնց ազատ կարձակեն ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ին առևանգված պատանդների դիմաց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի մասին գործարքի մասին դժվար թե հայտարարվի առաջիկա ժամերին: Այս մասին i24news հեռուստաալիքին հայտնել է իսրայելցի մի պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում։
Երեկ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը հայտարարել էր, որ շաբաթ օրը կմեկնի Կահիրե՝ Գազայում հրադադարի շուրջ համաձայնության գալու նպատակով:
Պաշտոնյան հեռուստաալիքին հայտնել է, որ գործարքի շուրջ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, սակայն հարցեր կան, որոնք դեռ պետք է քննարկել: Նշվում է, որ բանակցությունների այս փուլում քննարկվում են նաև պաղեստինցի բանտարկյալների անունները, որոնց ազատ կարձակեն հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված պատանդների դիմաց:
«Իսրայելը կպահպանի ռազմական ներկայությունը Գազայի հատվածում, քանի որ իսրայելական հասարակությունն այլ իրականություն չի ընդունի», - հեռուստաալիքին ասել է պաշտոնյան:
CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել է Եգիպտոսի միջնորդների պատրաստած և ՀԱՄԱՍ-ին ուղղված նոր առաջարկի որոշ մանրամասներ: ԶԼՄ–ի տվյալներով՝ նոր առաջարկը կազմվել է Իսրայելի օգնությամբ։ Համաձայնագրի առաջին փուլը ներառում է մի քանի շաբաթվա ընթացքում 20-33 պատանդների ազատ արձակում՝ ռազմական գործողությունների դադարեցման և Իսրայելում պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Հրադադարի տևողությունը կախված կլինի պատանդների թվից, որոնց կհաջողվի ազատ արձակել։
Երկրորդ փուլը ենթադրում է «կայուն անդորրության վերականգնում» Գազայի հատվածում։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Գազայի հատվածում սով է սկսվել. ՄԱԿ-ի ներկայացուցիչ