Հայաստանում ընձառյուծների թիվը հասնում է մինչև 10 առանձնյակի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը` Ընձառյուծի միջազգային օրվա կապակցությամբ հրապարակելով «Արևիք» ազգային պարկում տարիների ընթացքում արձանագրված ընձառյուծի հավաքական տեսանյութը։
Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել ընձառյուծի պոպուլյացիայի պահպանության ուղղությամբ՝ հնարավորինս ներգրավվելով մարդկանց վայրի բնության այս տեսակի պահպանության գործին։
Ընձառյուծը ներառված է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով:
Ընձառյուծի մարմնի երկարությունը 180-200 սմ է, իսկ պոչինը` 80-100 սմ: Հասուն արուի կշիռը երբեմն կարող է հասնել 90 կգ: Ունեն կարճ և կլորավուն ականջներ։ Ոտքերը կարճ են և ամուր, թաթերը լայն են ու սուր ճանկերով, որոնց շնորհիվ էլ լավ մագլցում են ծառերը։ Ունեն սուր տեսողություն, լավ լսողություն, սակայն հոտառությունը համեմատաբար թույլ զարգացած է։
Ընձառյուծը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Այն որպես իմաստության և հզորության խորհրդանիշ հանդիպում է հինավուրց քանդակներում և նկարներում: