Միայն Տավուշի ակցիաներով գործը գլուխ չի գա, պետք է ներգրավել Երևանը. Վիգեն Հակոբյան

Ակցիաներ Կիրանցում. Արխիվային լուսանկար
Հակոբյանը ակցիաներն առաջնորդելու որոշակի հեռանկարներ տեսնում է եկեղեցու ռեսուրսի օգտագործմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Եթե Տավուշի բողոքի ակցիաների կիզակետը Երևանը չդառնա, պայքարի այս փուլում շատ մեծ հեռանկարներ չեն նշմարվի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը վստահ է` այն ինչ տեղի է ունենում այսօր Տավուշում, թե՛ ակցիաների քանակի, թե՛ աշխարհագրություն առումով կարող է քարոզչական, իրազեկման նշանակություն ունենալ ավելի մասշտաբային գործողություններից առաջ։
Նշենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
«Սա չի կարող լինել այն ամբողջ ռեսուրսը, որը կներդրվի Տավուշի սահմանազատման հարցը փակելու համար, որովհետև այս տեխնոլոգիան, որը թե՛ ցանցային է, թե՛ ապակենտրոն, աշխատում է միայն այն ժամանակ, երբ շատ գործողություններ միառժամանակ են տեղի ունենում, հնարավորինս լայն աշխարհագրությամբ։ Դրանք թույլ կտան պարալիզացնել իշխանության աշխատանքը և ջլատել իշխանական ռեսուրսը` մասնավորապես ուժային ռեսուրսը։ Սա պետք է լինի նախերգանք ինչ–որ ավելի մեծ ակցիաներից առաջ»,–ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` մարզերում ակցիաները չեն կարող ամենաորոշիչը լինել, քանի որ ինչպես ցույց է տալիս պատմությունը` ամեն ինչ որոշվել է և որոշվում է Երևանում։
Հակոբյանն ակցիաներն առաջնորդելու որոշակի հեռանկարներ տեսնում է եկեղեցու ռեսուրսի օգտագործմամբ։
«Եթե այս ակցիաների կիզակետը չդառնա Երևանը, շատ մեծ հեռանկարներ չեմ տեսնում։ Ինչպես դելիմիտացիան, դեմարկացիան այս ցույցերին զուգահեռ անցկացվում են, այնպես էլ անցկացվելու և ավարտվելու են։ Ավելին` ընդլայնվելու է սահմանագիծը, որն իբրև թե դելիմիտացիայի է ենթարկվել, հիմա էլ դեմարկացիա է իրականացվում»,–ասաց Հակոբյանը։
Նա վստահ է, որ Տավուշի սահմանազատման հարցը լուծելու խնդիր կա, և եթե ցուցարարները մտադրվել են իշխանությունների դեմն առնել, ապա ակցիաների կիզակետը պետք է դառնա Երևանը կամ որոշ այլ խոշոր քաղաքներ` Գյումրի,Վանաձոր, Աբովյան և այլն։
Իհարկե այն թափը, որը կա մեդիադաշտում, սոցիալական ցանցերում կարող է եղանակ ստեղծել, բայց գետնի վրա դա բավարար չէ։
Բագրատ սրբազանին ու Գառնիկ Դանիելյանին կրկին չեն թողնում Կիրանց մտնել
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: