ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik․ Այսօր Ազգային ժողովում կրքերը թեժացան ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ, որն ընդդիմադիր պատգամավորներին մեղադրեց Լեռնային Ղարաբաղը լուծարելու համար։
«Ժպտում են հիմա Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը, որ ասում եմ՝ իրենք լուծարեցին Լեռնային Ղարաբաղը»,- հայտարարեց Հովհաննիսյանը։
Արծվիկ Մինասյանը տեղից հակադարձեց. «Սուտ ես խոսում»։ Դրան ի պատասխան՝ Հովհաննիսյանը պահանջեց իր հետ «դու»-ով չխոսել։
«Ես Ձեզ էլ եմ հորդորում, պարոն Օհանյան, հանկարծ չհամարձակվեք «դու»-ով խոսել, հարգանքով վերաբերվեք, հանգիստ, հավաքեք ձեզ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը, և լեզվակռիվ սկսվեց։ Հովհաննիսյանը հայտարարեց, թե Մինասյանն «անբարոյական ստեր է ասում»։
Միջամտեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ Նա նախ ձայնի իրավունքից զրկեց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանին, ապա դիմեց Արթուր Հովհաննիսյանին՝ խնդրելով անձնական որակումներ չտալ։
«Չհավասարվենք այն պատգամավորներին, որոնք չեն տիրապետում էդ նորմերին, էթիկայի հասարակ կանոններին, իմ խնդրանքն է, ես հասկանում եմ, թե ինչ եք ասում, հասկանում եմ, որ Ձեր խոսքն ի պատասխան է հնչում, բայց ուղղակի խնդրում եմ` խուսափեք»,- ասաց Արշակյանը։
Արթուր Հովհաննիսյանը շարունակեց մեղադրանքներ հնչեցնել ընդդիմադիրների հասցեին, ինչին ի պատասխան դահլիճից մեկնաբանություններ հնչեցին։
Արծվիկ Մինասյանը զայրացավ ու չընդունեց իրեն խոսքի իրավունքից զրկելու որոշումն ու դուրս եկավ նիստերի դահլիճից։